Քաղաքացին Քարաբերդ գյուղի լճի մոտ զենք-զինամթերք էր թողել

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն:
Համայնքային ոստիկանության Անիի բաժնի ծառայողների և Շիրակի մարզի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 9-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ հայրը 44-օրյա պատերազմի մասնակից է և Քարաբերդ գյուղի լճի մոտ զենք-զինամթերք է թողել։
Բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ձեռքի նռնակներ իրենց պայթուցիչներով, պայթուցիկ նյութի նմանվող առարկա, ինքնաձիգի պահունակ, տարբեր տրամաչափի 251 փամփուշտ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: