Պղնձի խարամ ապօրինի տեղափոխած բեռնատարը հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք
Փետրվարի 27-ին Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում տված Ալավերդիի համայնքապետարանի աշխատակիցը հայտնել էր, որ չնայած դատարանի արգելքին՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկը փետրվարի 19-ից փետրվարի 26-ն ընկած ժամանակահատվածում Ալավերդի քաղաքի Կոշաբերդի փողոցից ապօրինի տեղափոխել է մոտ 943,8 տոննա պղնձի խարամ՝ կոշտ թափոն, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է մոտ 14 միլիոն 157 հազար դրամի վնաս։
Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նույն օրը՝ կեսգիշերն անց, Արարատի մարզի Դաշտաքար գյուղի բնակչի վարած «Իվեկո» մակնիշի կցորդիչով բեռնատարը՝ պղնձի խարամով հանդերձ, հայտնաբերվել և տեղափոխվել է Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
