Բեռնախցիկում 1 կիլոգրամից ավելի մարիխուանա կար․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
Նախ բռնվել էր թմրամոլը: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն տեղափոխված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել էր մեթամֆետամին: Շատ ավելի բարդ ու երկարատև աշխատանք պահանջեց թմրանյութն իրացնողին հայտնաբերելու գործը:
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողների օրեր տևած ծավալուն միջոցառումների արդյունքում ձերբակալվեցին մայրաքաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ 25-ամյա և Ֆուչիկի փողոցի բնակիչ 29-ամյա տամարդիկ, որոնք վերջինիս վարած մեքենայով հանդերձ տեղափոխվեցին վարչություն:
Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվեցին թմրամիջոցի հետքերով ապակյա գլանակ ու կաթուցիչ, ինչպես նաև մեթամֆետամինի զանգվածներ:
Դատարանի որոշմամբ խուզարկվեց նաև Ֆուչիկի փողոցի 29-ամյա բնակչի ավտոմեքենան. բեռնախցիկում հայտնաբերվեց կպչուն ժապավենով փաթեթավորված մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա:
Երիտասարդը կալանավորվել է։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: