Ուշադրություն․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է
 
                                            Երթևեկության անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության գործունեության կարևորագույն նպատակներից է, որին հասնելու համար պարբերաբար ձեռնարկվում են ամենատարբեր միջոցառումներ: Վիճակագրությունը ստիպում է լինել հատկապես հետևողական: Պատահարների ծանր հետևանքները կանխարգելելու լավագույն միջոցներից է ամրագոտին, որն օգտագործելու մշակույթը, չնայած ոստիկանության ակտիվ իրազեկմանն ու վարչարարությանը, մեր հանրության մի մասի համար այդպես էլ չդարձավ կենսակերպ: 
Կրկին հորդորում և զգուշացնում ենք բոլոր վարորդներին և ուղևորներին` երթևեկելիս պարտադիր ամրակապվել: 
Վարչարարությունը խստացվելու է, այս ուղղությամբ իրականացվելու են պարբերական միջոցառումներ, այդ թվում` ուժեղացված ծառայություններ: Եվ եթե մոտ ապագայում վարորդներն ու ուղևորներն անվերապահորեն չհետևեն ամրագոտին կիրառելու վարքականոնին, իրավախախտումը հայտնաբերելու համար օգտագործվելու են նաև տեսահսկող սարքերը՝ ապահովելով բոլոր իրավախախտների պատասխանատվության անխուսափելիությունը: 
Վերստին հորդորում ենք լինել օրինապահ և գիտակից ու մաղթում բարի երթ:

 
    					 
    					 
    					 
    					 
    					