Մահվան ելքով վիճաբանություն Գյումրիում. կասկածվող անձը ձերբակալվել է
 
                                            Մարտի 15-ին, ժամը 14.39-ին, ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մուշ-2 թաղամասի շենքերից մեկում աղմուկի ու վիճաբանության ձայն է լսվում, ոստիկանների միջամտության կարիք կա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի բակում հայտնաբերել է 36-ամյա Ռաֆիկ Մ.-ի դիակը՝ կտրած-ծակած վնասվածքներով:
 Նույն օրը, ժամը 15.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության բրիգադը հիվանդանոց բուժօգնության է տեղափոխել 27-ամյա տղամարդու՝ նախաբազկի կտրած-ծակած վերքով և 32-ամյա կնոջ՝ պարանոցի կտրած-ծակած վերքով: 
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Գյումրու Մուշ-2 թաղամասի 33-ամյա բնակիչը վիճաբանության ժամանակ դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ռաֆիկ Մ.-ին, ինչի արդյունքում վերջինս մահացել է, և մարմնական վնասվածքներ պատճառել հիվանդանոց տեղափոխված տղամարդուն ու կնոջը:
 Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
 Մուշի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում 33-ամյա կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին: Նա ձերբակալվել է:
Հանգամանքները պարզվում են։ 
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					