ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Մեկ տարի առաջ Շուշիի մատույցներում զոհվեցին մեր 43 գործընկերները

2020 թվական։ Սեպտեմբերի 27։ Արցախի դեմ սանձազերծվեց լայնամասշտաբ ագրեսիա։ Ադրբեջանաթուքրական զորքերը վարձկան ահաբեկիչների հետ հարձակվեցին Արցախի վրա։ Արցախը, Հայաստանն ու սփյուռքը մի բռունցք դարձան։ Անհրաժեշտ էր օր առաջ հասնել ռազմաճակատ, կռվել ու պահել պապենական հող հայրենին։
Ինչպես Արցախյան առաջին պատերազմում ու Ապրիլյան մարտերին, այնպես էլ այս անգամ ոստիկանությունը լուրջ մասնակցություն ունեցավ մարտական գործողություններին։ Ոստիկանական բաժինների ծառայողներից բաղկացած զորախմբերից զատ պատերազմի 3-րդ օրը ռազմաճակատ մեկնեց նաև ոստիկանության զորքերի համահավաք գումարտակը։ Գնդապետ Արմեն Վարդանյանի հրամանատարությամբ ոստիկանության զորքերի զորախումբը մեկնեց Քարվաճառի շրջան։
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 29-ը ոստիկանության զորքերի զորամասի ծառայողները մասնակցեցին Քարվաճառի պաշտպանությանը։ Արմեն Վարդանյանի հրամանատարությամբ ոստիկանության զորքերի ծառայողները անսասան պահեցին իրենց վստահված Քարվաճառի դիրքերը։ Նույն օրերին ոստիկանության զորքերի մյուս զորախմբերը Հաթերքում, Ջրականում և Լիսագորում մասնակցում էին պաշտպանական մարտերին։
Մեկ ամիս անց ոստիկանները վերադարձան տուն։ Մի քանի օր հանգստից հետո, երբ Արցախը բոլորի օգնության կարիքն ուներ, քան երբևէ, ոստիկանության զորքերի զորամասի ծառայողները կրկին մեկնեցին ռազմաճակատ։ Նրանցից շատերը մնացին Շուշիում՝ հավերժ...
Նոյեմբերի 4-ից ոստիկանության զորքերի ծառայողները մասնակցեցին Քարինտակի պաշտպանական մարտերին։ Թշնամին մեծ ուժերով առաջ էր գալիս, իսկ ոստիկանները անզիջում կռվում էին։
Նոյեմբերի 5-ին զորախումբն ընկավ թշնամու շրջափակման մեջ։ Ոստիկանության զորքերն առաջին զոհը տվեցին նոյեմբերի 5-ին։ Զոհվեց գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արտյոմ Միրզոյանը։ Նրա նռնականետի հարվածներից թշնամին կրում էր ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկայի լուրջ կորուստներ։
Մարտերը ժամ առ ժամ թեժանում էրին։ Ոստիկանության զորքերի ծառայողները կռվում էին՝ և՛ թշնամուն թույլ չտալով մտնել Շուշի, և՛ շրջափակումից դուրս գալու համար։ Նոյեմբերի 5-ի թեժ մարտերի ընթացքում Շուշի տանող ճանապարհին զոհվեցին նաև ոստիկանության զորքերի ծառայողներ Սերգեյ Շաքրիկյանը, Վիգեն Միրզոյանը և Սամվել Մելքոնյանը։
Թշնամին ավելի էր մեծացնում ուժերը, շրջափակման օղակը սեղմվում էր։
Նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ ամենաթեժ ու ահեղ մարտը։ Այդ օրը Շուշիի մատույցներում զոհվեցին ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Արմեն Վարդանյանն ու 38 ծառայողներ։ Նրանք պայքարեցին մինչև վերջին շունչն ու վերջին փամփուշտը։ Արեցին հնարավորն ու անհնարը։ Եւ փառքով գրեցին իրենց անունը հանուն հայրենիքի կյանքը տված հայորդիների շարքերում։ Հիշենք նրանց անուն առ անուն. գնդի հրամանատար, գնդապետ Արմեն Վարդանյան, գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արտյոմ Միրզոյան, գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արման Հակոբյան, վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Էդգար Գասպարյան, դասակի հրամանատար, լեյտենանտ Անդրանիկ Մարդոյան, ավագներ՝ Վահագն Հաջաթյան, Վիգեն Միրզոյան, ավագ սերժանտ Խաչատուր Աղաջանյան, սերժանտներ՝ Էդգար Սարգսյան, Գոռ Սարիբեկյան, Սուրեն Գաբրիելյան, կրտսեր սերժանտներ՝ Եղիշե Մարգարյան, Գևորգ Թորոսյան, Արթուր Սահակյան, Հայկ Գևորգյան, Սերգեյ Շաքրիկյան, Բենիկ Լալայան, շարքայիններ Հարություն Ասրյան, Արթուր Աղաջանյան, Վարդան Միրզախանյան, Արտյոմ Բալայան, Մանուկ Իսախանյան, Սամսոն Ղազարյան, Էդվարդ Հակոբյան, Մհեր Մարտիրոսյան, Նորայր Սարգսյան, Լյովա Գալստյան, Մեսրոպ Նազարյան, Աղվան Խալաթյան, Դավիթ Հարոյան, Արտյոմ Ալոյան, Իշխան Վարդանյան, Վարդան Մնացականյան, եղբայրներ՝ շարքային Գևորգ Գևորգյան և կրտսեր սերժանտ Կարեն Գևորգյան, եղբայրներ՝ շարքային Սամվել և ավագ սերժանտ Տիգրան Մելքոնյաններ, եղբայրներ՝ կրտսեր սերժանտներ Կարապետ և Գևորգ Մելքոնյաններ, եղբայրներ՝ շարքայիններ Ժորա և Արամ Արզումանյաններ, եղբայրներ՝ շարքայիններ Լևոն և Արմեն Անթանյաններ։
Ընկած ռազմիկին պատվո համազարկն ու զինակիցների երդումն է վայել, որ կիսատ գործը անպայման շարունակվելու է: Մեր գործընկերները մեկ տարի առաջ արեցին ավելին, քան կարելի էր՝ մեզ թողնելով երկիր, պետություն և արժանապատվության իրավունք: Նաև՝ պարտականություն, որ իրենց ետևից եկողները հաղթանակին են հասցնելու զինակիցների բացած ճանապարհն ու զոհված ընկերներին պսակելու են երախտիքի հավերժ հիշողությամբ:
Փա՛ռք և հավերժ հիշատակ մեր զոհված գործընկերներին: