Կողոպուտ Երևանի Բեկնազարյան փողոցում․ Մաշտոցի ոստիկանները հայտնաբերել են ոսկյա շղթան հափշտակողին
Նոյեմբերի 22-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ Բեկնազարյան փողոցում անհայտ անձը մի կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել էր ոսկյա շղթան և դիմել փախուստի: 
 Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Տուժողից ընդունվեց հաղորդում: Քրեական հետախույզները որոնողական աշխատանք սկսեցին: Կողոպուտը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով տեղեկություններ ստացվեցին, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Պռոշյան գյուղի 37-ամյա մի բնակիչ:
 Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը նոյեմբերի 25-ին ներկայացավ ոստիկանության Մաշտոցի բաժին:
 Նա տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
 Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					