Աշտարակի ոստիկանների տեղեկությունը հաստատվեց. հայտնաբերվեց ավելի քան 200 գրամ կանեփանման զանգված
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողների ստացած օպերատիվ տվյալներն իրացվեցին հոկտեմբերի 10-ին: Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ժամը 15-ին Աշտարակի Մուղնի թաղամասից բաժին բերման ենթարկվեցին Երևանի Լենինգրադյան փողոցի և Եղվարդի բնակիչներ` 21 և 19 տարեկան երկու երիտասարդներ:
Երևանցու անձնական խուզարկությամբ գրպաններից հայտնաբերվեցին կանեփանման զանգվածներ` մոտ 200 գրամ քաշով և ապակե գլանակ` մոխրացած կանեփի հետքերով:
Եղվարդցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ծխախոտի տուփ` մոտ 10 գրամ նույնանման զանգվածով:
Նրանք հայտնել են, որ հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրամիջոց է, հավաքել են Աշտարակի ձորակում վայրաճ կանեփի բույսերից՝ անձնական օգտագործման համար:
Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: