Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ




1914 – Մոնակոյում կայացավ քրեական ոստիկանության 1-ին Կոնգրեսը, որին մասնակցել են 23 երկրներ 
1923 – Վիեննայում Քրեական ոստիկանության միջազգային հանձնաժողովի ստեղծում 
1946 – Համաշխարհային 2-րդ պատերազմից հետո կազմակերպության վերականգնում Փարիզում. Քարտային համակարգի ստեղծում և կարմիր անկյունով առաջին քարտերի հրապարակում
1956 – Կազմակերպությունը վերանվանվեց` Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության - ԻՆՏԵՐՊՈԼ
1971 – ԻՆՏԵՐՊՈԼ-ը ՄԱԿ-ի կողմից ճանաչվեց որպես միջկառավարական կազմակերպություն
1989 – Գլխավոր քարտուղարությունը Փարիզից տեղափոխվում է Լիոն
1992 – Հայաստանի Հանրապետության անդամակցություն ԻՆՏԵՐՊՈԼ-ին
2004 – ՄԱԿ-ում ԻՆՏԵՐՊՈԼԻ-ի ներկայացուցչության ստեղծում
2008 – Եվրոպական միությանը կից ԻՆՏԵՐՊՈԼ-ի ներկայացուցչության ստեղծում Բրյուսելում:
 
ԻՆՏԵՐՊՈԼԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
 
    Արդեն 19-րդ դարի վերջին, երբ զարգացում ապրեց միջազգային հանցավորությունը, անհնար էր դառնում ոստիկանության պայքարը տարբեր տեսակի իրավախախտումների դեմ, քանի որ ոստիկանները հնարավորություն չունեին գործելու իրենց երկրի սահմաններից դուրս: Թեև էքստրադիցիան (հանցագործի հանձնումը) տեսականորեն հնարավոր էր, սակայն այն կապված էր բազում դժվարությունների հետ և շատ ժամանակ էր խլում: Անհրաժեշտ էր ստեղծել մի կազմակերպություն, որը կկարողանար համաձայնեցնել տարբեր երկրների ոստիկանական համակարգերի գործունեությունը: Եվ այսպես անհրաժեշտությունը կար, իսկ առիթը չուշացավ:
Մոնակոյի իշխան Ալբերտ I-ի հետ կապված միջադեպը (նրա սիրային արկածը ոմն խորհրդավոր Սոֆիայի հետ, որի հետեւանքով իշխանի չհրկիզվող պահարանից անհայտացան բազմաթիվ թանկարժեք իրեր. անհայտացավ նաեւ խորհրդավոր գեղեցկուհին) նրան դրդեցին դիմել տարբեր երկրների ոստիկանությունների օգնությանը, սակայն այդպես էլ հանցագործին գտնել չհաջողվեց:
Եվ ահա Ալբերտ I-ի նախաձեռնությամբ, 1914թ. ապրիլին, Մոնակոյում կայացավ ՙՔրեական ոստիկանության միջազգային I կոնգրեսը՚, որի աշխատանքներին մասնակցելու համար հրավիրել էին 24 երկրների 188 իրավաբաններ, քրեագետներ եւ ոստիկանության ծառայողներ: Մասնակիցները քննարկեցին միջազգային քրեական տեղեկատվության հաշվառման բաժնի հիմնադրման և հանցագործների էքստրադիցիայի արարողակարգի միասնականացման հնարավորությունը: Սակայն երեք ամիս անց սկսված առաջին համաշխարհային պատերազմը ընդհատեց ոստիկանական միջազգային համախմբման գործընթացը:
Այդ պատերազմի ավարտից հետո միջազգային քրեածին իրավիճակը հսկայական չափերի հասավ: Առաջին հերթին դա կապված էր հետպատերազմյան Եվրոպայում տիրող խառնաշփոթի և անկայուն վիճակի հետ:
Այն ժամանակվա Վիեննայի ոստիկանապետ դ-ր Յոհան Շոբերը որոշեց վերածնել Ալբերտ I-ի ոստիկանական միջազգային կազմակերպություն ստեղծելու գաղափարը և, պատերազմի ավարտից 5 տարի անց, Ավստրիայի մայրաքաղաք հրավիրեց տարբեր երկրների իրավապահ մարմինների ներկայացուցիչներ` մասնակցելու ՙՔրեական ոստիկանության միջազգային 2-րդ կոնգրեսին՚, որն ավելի շուտ, հետապնդում էր պատերազմում պարտված Ավստրիայի հեղինակության վերականգնման նպատակը:
1923թ. սեպտեմբերին կայացած Կոնգրեսը, որի  աշխատանքներին մասնակցում էին 17 երկրներից ժամանած 133 պատգամավորներ, փաստորեն հանդիսացավ Ինտերպոլի ծնունդը: Կոնգրեսի աշխատանքների 5-օրյա քննարկումներից հետո ձևավորվեց մի նոր մարմին` ՙՔրեական ոստիկանության միջազգային հանձնաժողովը՚:
Հանձնաժողովի մշտապես գործոզ միջազգային բյուրոն գտնվում էր Վիեննայում, իսկ տարեկան գումարվող վեհաժողովները տեղի էին ունենում եվրոպական տարբեր մայրաքաղաքներում: Կազմակերպության առաջին նախագահ դարձավ Յոհան Շոբերը, իսկ նրա տեղակալ Օսկար Դրեսլերը նշանակվեց գլխավոր քարտուղար: Վերջինս էլ ձեռնամուխ եղավ միջազգային բյուրոյի բաժանմունքների ստեղծմանը, որոնք զբաղվում էին դրամանենգության, կեղծարարության, թմրանյութերի շրջանառության և այլ վտանգավոր հանցագործությունների դեմ պայքարով:
1925թ. սկսած, Բելգիայի օրինակով, անդամ-երկրները ստեղծեցին իրենց տեղական ազգային կենտրոնական բյուրոները (ԱԿԲ-ները): 1956թ. դա արդեն պարտադիր պայման էր` կազմակերպության անդամ լինելու համար:
1933թ. նշելով կազմակերպության 10 տարիների կատարած աշխատանքները, Դրեսլերը ներկայացրեց ապշեցուցիչ արդյունքներ: Կազմակերպության միջամտությամբ բացահայտվել էին 3240 տարբեր հանցագործություններ: Արդյունքները գերազանցել էին սպասելիքները: Ոստիկանական միջազգային համագործակցությունը հաջողությամբ շարունակում էր զարգանալ տարեցտարի ընդլայնվելով, բայց սկսվեց 2-րդ աշխարհամարտը:
Ըստ պաշտոնական տեսակետի, կազմակերպությունը 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939-1945թթ.) դադարել էր գոյություն ունենալուց:
Սակայն իրականում այն գործել է նաև այդ ժամանակաշրջանում, միայն այլ պարագաներում: 1938թ. գերմանական զորքերի Ավստրիա ներխուժելուց հետո Կազմակերպության նստավայրը Վիեննայից տեղափոխվեց Բեռլինի շրջակայքում գտնվող մի գեղատեսիլ վայր, Վանսեն լճի ափ, և, փաստորեն, սկսեց սերտորեն համագործակցել Գեստապոյի հետ:
1943թ. Հանձնաժողովի նախագահ նշանակվեց Ավստրիայի ոստիկանապետ, ՙԳորիլայի ձեռքերով՚ երկու մետր հասակ ունեցող նացիստ` հանրահայտ Էռնստ Կալտենբրուները: Ինչպես հետագայում պարզվեց, նա հովանավորում էր գերմանական Օրիենբուրգ քաղաքում գործող մի ձեռնարկություն, որը զբաղվում էր կեղծ դրամների տպագրությամբ:
2-րդ համաշխարհային պատերազմից հետո արևմտյան որոշ երկրների ոստիկանական ծառայությունների ղեկավարներ հայտնեցին իրենց ցանկությունը Կազմակերպության գործունեության վերականգնման կապակցությամբ և 1946թ. Բրյուսելում անցկացվեց Քրեական ոստիկանության միջազգային հանձնաժողովի ետպատերազմյան առաջին կոնֆերանսը: Որոշում ընդունվեց նստավայրը տեղափոխել Փարիզ:
Նույն տարում Գլխավոր քարտուղարությանը հասցեագրված հեռագրում Ժան Նեպոտը (հետագայում` Կազմակերպության գլխավոր քարտուղար) առաջին անգամ օգտագործեց ՙԻնտերպոլ՚ հապավումը: Ֆրանսիացի այս երիտասարդի խորհրդով մտցվեց և առ այսօր գործում է միջազգային հետախուզման քարտերի համակարգը:
1956թ. Քրեական ոստիկանության միջազգային հանձնաժողովը անվանափոխվեց Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (I.P.C.O.-INTERPOL) և ընդունվեց Կազմակերպության ներկա կանոնադրությունը իսկ 1989թ. Գլխավոր քարտուղարության նստավայրը Փարիզից տեղափոխվից Լիոն (Ֆրանսիա):
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, նորաստեղծ պետության ներքին գործերի նախարարությունը գիտակցելով բոլոր դժվարությունները, որոնց կարող են հանդիպել իրավապահ մարմինները դեմոկրատացման եւ արմատական փոփոխությունների այս բարդ ժամանակաշրջանում, եւ կարեւորելով ոստիկանական միջազգային համագործակցությունը, առաջարկությամբ դիմեց ՀՀ կառավարությանը Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությանը - Ինտերպոլին ադնդամակցելու վերաբերյալ:
Եվ այդպես 1992թ. նոյեմբերին Դակարում կայացած Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանում Հայաստանն ընդունվեց որպես անդամ-երկիր: Իսկ դեկտեմբեր ամսից սկսեց կազմավորվել ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն, որը վերջնականորեն ձևավորվեց 1993թ. հունիսին:
2010 թ. դրությամբ Ինտերպոլին անդամակցում են 188 երկրներ: Անդամ-երկրների այս քանակն ինքնըստինքնյա ընդգծում է կազմակերպության հեղինակությունը եւ կարեւորությունը միջազգային մակարդակով հանցավորության դեմ պայքարում:
 
 
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՔՐԵԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ԻՆՏԵՐՊՈԼ)
 
ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
ՀՈԴՎԱԾ 1
՚Քրեական ոստիկանության միջազգային հանձնաժողովՙ անվանում ունեցող կազմակերպությունն այսուհետեւ կոչվում է ՚Քրեական ոստիկանության միջազգային կազմակեր-պություն` Ինտերպոլՙ: Նրա նստավայրը գտնվում է Ֆրանսիայում:
 
ՀՈԴՎԱԾ 2
Նրա նպատակն է.
ա) ապահովել եւ զարգացնել փոխհամագործակցությունը քրեական ոստիկանության բոլոր մարմինների, (hաստատությունների) միջեւ` երկրներում գործող օրենսդությունների շրջանակներում եւ մարդու իրավունքների Համընդհանուր Հռչակագրի    ոգով,
բ) ստեղծել եւ զարգացնել հաստատություններ, որոնք արդյունավետորեն կնպաստեն քրեական հանցավորության կանխարգելմանը եւ դրա դեմ ուղղված պայքարի   իրականացմանը:
 
ՀՈԴՎԱԾ 3
Կազմակերպությանը խստիվ արգելվում է որեւէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասայական բնույթ կրող գործերին եւ հարցերին:
 
ՀՈԴՎԱԾ 4
Յուրաքանչյուր  պետություն կարող է լիազորել իր ցանկացած պաշտոնական ոստիկանական մարմնին, որի գործառույթները   հարաբերակցվում  են  Կազմակերպության գործունեության հետ, հանդես գալու որպես Կազմակերպության Անդամ:
Անդամակցության հայտն ուղարկվում է Գլխավոր Քարտուղարին` համապատասխան իրավասու կառավարական մարմնի կողմից: Անդամակցության մասին որոշումը  վերջնականորեն հաստատվում է  միայն Գլխավոր Ասամբլեայի ձայների 2/3 մեծամասնության կողմից:
 
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ  ԵՒ  ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
 
ՀՈԴՎԱԾ 5
Քրեական ոստիկանության միջազգային կազմակեր-պությունը (Ինտերպոլ) ընդգրկում է.
- Գլախվոր ասամբլեա
- Գործադիր կոմիտե
- Գլխավոր քարտուղարություն
- Ազգային կենտրոնական բյուրոներ
- Խորհրդականներ,
- Քարտերի վերահսկման հանձնաժողով:
 
ԳԼԽԱՎՈՐ  ԱՍԱՄԲԼԵԱ
 
ՀՈԴՎԱԾ 6
Կազմակերպության գերագույն լիազորություններով օժտված մարմինը Գլխավոր ասամբլեան է: Այն բաղկացած է կազմակերպության անդամերի կողմից նշանակած պատվիրակներից:
 
ՀՈԴՎԱԾ 7
Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ կարող է ներկայացված լինել մեկ կամ ավելի պատվիրակներով, սակայն, յուրաքանչյուր պետության պատվիրակություն  պետք է ունենա միայն մեկ ղեկավար` նշանակված այդ երկրի կառավարական իրավասու մարմնի կողմից:  
Ելնելով Կազմակերպության գործունեության հատուկ բնույթից, նրա Անդամները պետք է  ձգտեն  իրենց  պատվիրակության կազմի մեջ ընդգրկել`
ա) այն բարձրաստիճան պաշտոնատար անձանց, որոնք ներկայացնում են       ոստիկանական գործառութներ իրականացնող մարմինները,
բ) այն պաշտոնատար անձանց, որոնց գործառույթային պարտականությունները կապված են  Կազմակերպության գործունեության հետ,
գ) Կազմակերպության նիստերի օրակարգային հարցերով  մասնագետներին:
 
ՀՈԴՎԱԾ 8
Գլխավոր Ասամբլեան ունի հետեւյալ գործառույթները`
-կատարել սույն Կանոնադրությամբ նախատեսված պարտականությունները,
-սահմանել գործունեության սկզբունքները եւ մշակել այն ընդհանուր միջոցառումները, որոնք կնպաստեն սույն Կանոնադրության 2-րդ Հոդվածում նշված խնդիրների կատարմանը,
-քննարկել եւ հաստատել Գլխավոր քարտուղարի կողմից հաջորդ տարվա համար առաջարկված աշխատանքի  ընդհանուր ծրագիրը,
-հաստատել անհրաժեշտ այլ կանոնակարգող դրույթներ,
-ընտրել  պաշտոնատար անձինք` Կանոնադրությամբ նախատեսված գործառույթները կատարելու համար,
-ընդունել որոշումներ եւ տալ հանձնարարականներ  Անդամներին այն հարցերի կապակցությամբ, որոնք մտնում են Կազմակերպության իրավասության մեջ,
-որոշել Կազմակերպության ֆինանսական քաղաքականու-թյունը,
-քննարկել եւ ընդունել որոշումներ` այլ կազմակեր-պությունների հետ համագործակցելու մասին:
 
ՀՈԴՎԱԾ 9
Կազմակերպության Անդամներն իրենց իրավասության սահմաններում եւ պարտավորություններին համապատասխան, ձեռնարկում են բոլոր միջոցները` Գլխավոր ասամբլեայի որոշումներն   ի  կատար ածելու համար:
 
ՀՈԴՎԱԾ 10
Գլխավոր ասամբլեան յուրաքանչյուր տարի գումարում է իր հերթական նստաշրջանը: Կազմակերպության Անդամների մեծամասնության կամ Գործադիր կոմիտեի խնդրանքով կարող են գումարվել Գլխավոր ասամբլեայի արտակարգ նստաշրջանները :
 
ՀՈԴՎԱԾ 11
Նստաշրջանի ընթացքում Գլխավոր ասամբլեան կարող է կոնկրետ հարցերի ուսումնասիրման նպատակով ստեղծել հատուկ մասնագիտացված հանձնաժողովներ: Նա կարող է որոշել նաեւ տարածաշրջանային խորհրդակցություններ գումարել Գլխավոր ասամբլեայի երկու նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում:
 
ՀՈԴՎԱԾ 12
Գլխավոր ասամբլեան յուրաքանչյուր եզրափակիչ նիստում որոշում է հաջորդ նստաշրջանի անցկացման վայրը: Հաջորդ նստաշրջանի անցկացման ժամանակը որոշվում է նախագահի եւ հրավիրող պետության պայմանավորվածությամբ`  Գլխավոր    քարտուղարի   հետ    համաձայնեցնելուց  հետո:
12.1 Յորաքանչյուր նստաշրջանի վերջում Գլխավոր Ասամբլեան պետք է ընտրի հաջորդ նստաշրջանի անցկացման վայրը:
12.2 Գլխավոր Ասամբլեան կարող է նաեւ որոշել որտեղ է երկու տարի հետո գումարվելու հերթական նստաշրջանը, եթե մեկ կամ մի քանի երկրներ հանդես գան առաջարկությամբ այդ նստաշրջանի անցկացման կապակցությամբ:
12.3 Եթե հանգամանքները թույլ չտան նստաշրջանն անցկացնել ընտրված երկրում, Գլխավոր ասամբլեան կարող է որոշում կայացնել մեկ  այլ տեղ ընտրելու մասին:
 
ՀՈԴՎԱԾ 13
Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունք ունի յուրաքանչյուր երկրից միայն մեկ պատվիրակ:
 
ՀՈԴՎԱԾ 14
Որոշումները ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ այն որոշումներից, որոնց ընդունման համար Կանոնադրության համաձայն պահանջվում է ձայների 2/3-րդ մեծամասնություն:
 
ԳՈՐԾԱԴԻՐ  ԿՈՄԻՏԵ
 
ՀՈԴՎԱԾ 15
Գործադիր կոմիտեն կազմված է Կազմակերպության նախագահից, երեք փոխնախագահներից եւ ինը անդամներից:
Գործադիր կոմիտեի տասներեք անդամներ ներկայացնում են տարբեր երկրներ` արդարացի աշխարհագրական ներկայացուցչության ճիշտ բաշխման սկզբունքին համապատասխան:
 
ՀՈԴՎԱԾ 16
Գլխավոր ասամբլեան իր պատվիրակներից ընտրում է Կազմակերպության նախագահ և երեք փոխնախագահներ:    
Նախագահն ընտրվում է ձայների 2/3 մեծամասնությամբ: Եթե այդպիսի  մեծամասնություն չի ապահովվում նաեւ երկրորդ քվեարկությունից հետո, ապա բավական է ձայների պարզ մեծամասնությունը:
Նախագահը և Փոխնախագահները պետք է ներկայացնեն տարբեր մայրցամաքներ:
 
ՀՈԴՎԱԾ 17
Նախագահն ընտրվում է 4 տարի, իսկ փոխնախագահները` 3 տարի   ժամկետով:  Իրենց   իրավասությունների     ժամկետը  լրանալուց հետո  նրանք   չեն կարող   անմիջապես  վերընտրվել նույն պաշտոններում, ոչ էլ որպես անդամներ` Գործադիր կոմիտեում:
Եթե Նախագահի ընտրության հետեւանքով չեն իրագործվում եւ չեն համաձայնեցվում հոդված 15-ի (2-րդ կետի) կամ հոդված 16-ի (3-րդ կետի) դրույթները, ապա այդ դեպքում ընտրվում  է  4-րդ   Փոխնախագահը, այնպես, որ նախագահության մակարդակով ներկայացված լինեն բոլոր մայրցամաքները:
Այս դեպքում Գործադիր կոմիտեն իր կազմում ժամանակավորապես ընդգրկում է 14 անդամ: Այս բացառիկ իրավիճակը ավարտվում է այն  ժամանակ, երբ հանգամանքները թույլ տան իրականացնել 15 եւ 16 Հոդվածների դրույթները:
 
ՀՈԴՎԱԾ 18
Կազմակերպության նախագահը`
ա) նախագահում է Գլխավոր Ասամբլեայի եւ Գործադիր կոմիտեի նստաշրջաններում եւ ղեկավարում  քննարկումները,
բ) ապահովում է Կազմակերպության գործունեության համապատասխանությունը Գլխավոր ասամբլեայի եւ Գործադիր կոմիտեի որոշումներին,
գ) հնարավորին չափով պահպանում է մշտական եւ անմիջական կապ` Կազմակերպության Գլխավոր քարտուղարի հետ:
 
ՀՈԴՎԱԾ 19
Գործադիր կոմիտեի ինն անդամները Գլխավոր ասամբլեայի կողմից ընտրվում են երեք տարի ժամկետով: Իրենց իրավասությունների ժամկետը լրանալուց հետո նրանք չեն կարող անմիջապես վերընտրվել նույն պաշտոններում:
 
ՀՈԴՎԱԾ 20
Գործադիր կոմիտեն նստաշրջաններ է գումարում առնվազն տարին մեկ անգամ` Կազմակերպության նախագահի հրավերով:
 
ՀՈԴՎԱԾ 21
Իրենց    պարտականությունները     կատարելիս     Գործադիր կոմիտեի բոլոր անդամները գործում են որպես Կազմակերպության ներկայացուցիչներ, այլ ոչ թե իրենց   համապատասխան երկրների ներկայացուցիչներ:
 
ՀՈԴՎԱԾ 22
Գործադիր կոմիտեն`
ա) վերահսկողություն է իրականացնում Գլխավոր Ասամբլեայի որոշումների կատարման նկատմամբ,
բ) նախապատրաստում է Գլխավոր ասամբլեայի նստաշրջանների օրակարգը,
գ) Գլխավոր ասամբլեային է ներկայացնում այն աշխատան-քային ծրագրերը կամ առաջարկությունները, որոնք նպատակահարմար է գտնում,
դ) վերահսկում է Գլխավոր քարտուղարի գործունեությունը,
ե) իրականացնում է Գլխավոր ասամբլեայի կողմից իրեն վերապահված բոլոր լիազորությունները:
 
ՀՈԴՎԱԾ 23
Գործադիր կոմիտեի անդամներից որեւէ մեկի ազատման կամ մահվան դեպքում Գլխավոր ասամբլեան նրա փոխարեն ընտրում է նոր անդամ, որի լիազորությունները ավարտվում են իր նախորդի մանդատի  ուժը կորցնելու օրը: Գործադիր կոմիտեի անդամի մանդատը կորցնում է իր ուժը, եթե Գործադիր կոմիտեում ընտրված անձը  դադարում է Կազմակերպության պատվիրակ լինելուց:
 
ՀՈԴՎԱԾ 24
Գործադիր կոմիտեի անդամները պահպանում են իրենց լիազորությունները մինչեւ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ավարտը, որը գումարվել է այն տարում, երբ լրացել է նրանց մանդատի ժամկետը:
 
ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ
 
ՀՈԴՎԱԾ 25
Գլխավոր քարտուղարությունը բաղկացած է Կազմակերպության մշտապես գործող վարչություններից:
 
ՀՈԴՎԱԾ 26
Գլխավոր քարտուղարությունը`
ա) կենսագործում է Գլխավոր ասամբլեայի եւ Գործադիր կոմիտեի որոշումները,
բ) հանդիսանում  է հանցավորության   դեմ  պայքարի  միջազգային կենտրոն,
գ) գործում է որպես մասնագիտացված եւ տեղեկատվական կենտրոն,
դ) ապահովում է Կազմակերպության գործունեության ընդհանուր ղեկավարումը,
ե) պահպանում է հարաբերություններ ազգային   եւ միջազգային մարմինների հետ, ընդ որում հանցագործների հետախուզման հետ կապված հարցերը, լուծվում են Ազգային կենտրոնական բյուրոների միջոցով,
զ) նախապատրաստում եւ հրատարակում է նպատակահարմար համարվող նյութերը,  
է) իր վրա է վերցնում Գլխավոր ասամբլեայի, Գործադիր կոմիտեի եւ Կազմակերպության յուրաքանչյուր այլ մարմնի նստաշրջաններում աշխատանքային քարտուղարության պարտականությունները,
ը) մշակում է հաջորդ տարվա աշխատանքային ծրագրի նախագիծ`  Գլխավոր   ասամբլեայի եւ Գործադիր կոմիտեի քննարկմանը եւ հաստատմանը ներկայացնելու համար,
թ) հնարավորին չափով պահպանում է մշտական անմիջական կապ` Կազմակերպության նախագահի հետ:
 
ՀՈԴՎԱծ 27
Գլխավոր քարտուղարության կզմի մեջ մտնում են Գլխավոր քարտուղարը, տեխնիկական եւ վարչական անձնակազմը որոնց վստահված է Կազմակերպության գործունեությունը:
 
ՀՈԴՎԱԾ 28
Գլխավոր քարտուղարի թեկնածությունն առաջարկվում է Գործադիր կոմիտեի կողմից Գլխավոր ասամբլեայի հաստատմանը` 5 տարի ժամկետով: Գլխավոր քարտուղարը կարող է վերընտրվել նաեւ հետագա ժամկետներում, սակայն լիազորությունները վայր է դնում 65 տարին լրանալուց հետո: Տարիքը լրանալուց հետո էլ նրան կարող են թույլատրել շարունակել իր պաշտոնավարությունը` մինչեւ մանդատի ժամկետի ավարտը:
 
Գլխավոր քարտուղարը պետք է ընտրվի ոստիկանության գործունեության հարցերում մեծ իրավասություններ ունեցող անձանցից: Բացառիկ հանգամանքներում Գործադիր կոմիտեն կարող է առաջարկել Գլխավոր ասամբլեային`  ազատել Գլխավոր քարտուղարին` իր լիազորությունների կատարումից:
 
ՀՈԴՎԱԾ 29
Գլխավոր քարտուղարը նշանակում եւ ղեկավարում է անձնակազմին, վարում է  բյուջեն, ինչպես նաեւ կազմակերպում եւ ղեկավարում է մշտական գործող ծառայությունների աշխատանքները` ելնելով Գլխավոր ասամբլեայի կամ Գործադիր կոմիտեի դիրեկտիվներից:
Գլխավոր քարտուղարը Գործադիր կոմիտեի եւ Գլխավոր ասամբլեայի քննարկմանը ներկայացնում է առաջարկություններ եւ նախագծեր` Կազմակերպության գործունեության վերաբերյալ:
Գլխավոր քարտուղարը պատասխանատու է Գործադիր կոմիտեի եւ Գլխավոր ասամբլեայի առջեւ:
Գլխավոր քարտուղարն իրավունք ունի մասնակցելու Գլխավոր ասամբլեայի, Գործադիր կոմիտեի եւ իրեն ենթակա բոլոր մարմինների քննարկումներին:
Իր  պարտականությունները  կատարելիս` Գլխավոր քարտուղարը ներկայացնում է Կազմակերպությունը, այլ ոչ թե որեւէ կոնկրետ երկիր:
 
ՀՈԴՎԱԾ 30
Իրենց պարտականությունները կատարելիս Գլխավոր քարտուղարը եւ անձնակազմը չպետք է կատարեն, ոչ էլ ընդունեն (Կազմակերպության շրջանակներից դուրս) որեւէ կառավարության կամ  մարմնի ցուցումները: Նրանք ձեռն-պահ են մնում այն բոլոր գործողություններից, որոնք կարող են վնասել իրենց միջազգային առաքելությանը:
Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ պարտավոր է հարգել Գլխավոր քարտուղարի եւ անձնակազմի բացարձակապես միջազգային բնույթի պարտականությունը եւ ձեռնպահ մնալ նրանց վրա ազդեցություն գործելուց` իրենց պարտականությունները կատարելիս:
 
ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲՅՈՒՐՈՆԵՐ
 
ՀՈԴՎԱԾ 31
Առաջադրված նպատակները իրականացնելիս` Կազմակերպությունը հենվում է իր Անդամների մշտական եւ ակտիվ համագործակցության   վրա,  որոնք    իրենց    երկրների օրենսդրության շրջանակներում պարտավոր են բոլոր ջանքերը գործադրել` Կազմակերպության գործունեությանը բարեխղճորեն մասնակցելու համար:
 
ՀՈԴՎԱԾ 32
Վերոհիշյալ համագործակցությունը ապահովելու նպատակով յուրաքանչյուր երկիր նշանակում է մի մարմին, որը հանդես կգա որպես Ազգային կենտրոնական բյուրո (այսուհետեւ` ԱԿԲ): Այն ապահովում է  փոխհամագործակցությունը`
ա) երկրում տարբեր հաստատությունների հետ,
բ) այլ երկրների ԱԿԲ-ներ հանդիսացող մարմինների հետ,
գ) Կազմակերպության Գլխավոր քարտուղարության հետ:
 
ՀՈԴՎԱԾ 33
Այն դեպքերում, երբ որեւէ երկրում սույն  Կանոնադրության 32-րդ հոդվածի դրույթները կիրառելի չեն կամ հնարավորություն չեն տալիս արդյունավետորեն իրականացնել կենտրոնացված համագործակցություն, Գլխավոր քարտուղարությունը այդ երկրների հետ համատեղ որոշում է համագործակցության առավել ընդունելի այլընտրանքային միջոցներ:
 
ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐ
 
ՀՈԴՎԱԾ 34
Գիտական հրացերի ուսումնասիրության նպատակով, Կազմակերպությունը կարող  է դիմել Խորհրդականների: Խորհրդականների դերը պետք է լինի միայն խորհրդատվական:
 
ՀՈԴՎԱԾ 35
Խորհրդականները առաջադրվում են Գործադիր Կոմիտեի կողմից 3 տարի ժամկետով: Նրանց նշանակումը վերջնական է դառնում  Գլխավոր Ասամբլեայի հաստատումից հետո:
 
Նրանք ընտրվում են Կազմակերպության համար որոշ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում աշխարհահռչակ  հեղինակություն վայելող անձանցից:
 
Խորհրդականի կարգավիճակը  կարող է վերահայտարարվել Գլխավոր Ասամբլեաի որոշման հիման վրա:
 
ՔԱՐՏԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
 
ՀՈԴՎԱԾ 36
Քարտերի Վերահսկման Հանձնաժողովն անկախ մարմին է, որը պետք է երաշխավորի, որ Կազմակերպության կողմից անձնական բնույթի տեղեկատվության օգտագործումը համապատասխանի Կազմակերպության կողմից հաստատված կանոնակարգին:
 
Քարտերի Վերահսկման Հանձնաժողովը պետք է խորհուրդներ տա Կազմակերպությանը ցանկացած ծրագրի, ցանկացած կանոնակարգի կամ ցանկացած այլ հարցերի վերաբերյալ, որոնք կապված են անձնական բնույթի տեղեկատվության մշակման հետ:
 
Քարտերի Վերահսկման Հանձնաժողովը ուսումնասիրում է Կազմակերպության քարտադարաններում պահվող տեղեկատվությանն առնչվող  հայցադիմումները:
 
ՀՈԴՎԱԾ 37
Քարտերի Վերահսկման Հանձնաժողովի անդամները պետք է կարողանան իրականացնել փորձաքննություններ:  Այն իր գործառույթները պետք է իրականացնի Գլխավոր Ասամբլեաի կողմից ընդունված կանոններին համապատասխան:
 
ԲՅՈՒՋԵՆ և ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ
 
ՀՈԴՎԱԾ 38
Կազմակերպության ռեսուրսները առաջանում են`
ա) Կազմակերպության անդամների անդամավճարներից,
բ) նվիրատվություններից, նպաստներից, ներդրումներից եւ այլ ռեսուրսներից, որոնց ընդունումը պետք է արժանանա Գործադիր կոմիտեի հավանությանը:
 
ՀՈԴՎԱԾ 39
Գլխավոր ասամբլեան որոշում է Կազմակերպության անդամների ֆինանսական մասնակցության սկզբունքները, ինչպես նաեւ Կազմակերպության ամենամյա առավելագույն ծախսերի չափերը` Գլխավոր քարտուղարի ներկայացրած նախահաշիվների հիման վրա:
 
ՀՈԴՎԱԾ 40
Կազմակերպության բյուջեի նախագիծը կազմվում է Գլխավոր քարտուղարի կողմից եւ ներկայացվում   Գործադիր կոմիտեի հաստատմանը:
Այն ուժի մեջ է մտնում Գլխավոր ասամբլեայի ընդունումից հետո:
Այն դեպքում, երբ Գլխավոր ասամբլեայի կողմից բյուջեն չի հաստատվում, Գործադիր կոմիտեն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցներ` այն նախորդ  բյուջեի հոդվածներին սկզբունքներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
 
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
 
ՀՈԴՎԱԾ 41
Սովորաբար, նպատակահարմարմարության դեպքում, հաշվի առնելով սույն Կանոնադրության մեջ շարադրված նպատակներն ու խնդիրները, Կազմակերպությունը   հարաբերություններ է հաստատում եւ համագործակցում  միջազգային, միջկառավարական եւ ոչ կառավարական այլ կազմակերպությունների հետ:
Միջազգային, միջկառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ մշտական հարաբերություններ նախատեսող ընդհանուր դրույթները եւ պայմանները ուժի մեջ են մտնում միայն Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատվելուց հետո:
Իր իրավասության մեջ մտնող բոլոր հարցերով Կազմակերպությունը կարող է խորհրդակցել միջազգային ոչ կառավարական, ազգային կառավարական կամ ազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ:
Գլխավոր ասամբլեայի համաձայնությամբ Գործադիր կոմիտեն կամ բացառիկ դեպքերում Գլխավոր քարտուղարը, իր իրավասության եւ գործունեության  շրջանակներում, կարող է իր վրա վերցնել միջազգային այլ հաստատությունների կամ կազմակերպությունների պարտականությունները` վերջիններիս հանձնարարությամբ, ինչպես նաեւ միջազգային համաձայնագրերի կատարման պարտավորությունները:
 
ՍՈՒՅՆ  ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ  ՏԵՔՍՏԻ  ԿԻՐԱՌՈՒՄԸ,
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ
 
ՀՈԴՎԱԾ 42
Սույն Կանոնադրության մեջ կարող են փոփոխություններ մտցվել Կազմակերպության Անդամի կամ Գործադիր կոմիտեի առաջարկությամբ:
Սույն Կանոնադրության մեջ փոփոխություններ մտցվելու յուրաքանչյուր առաջարկի մասին Գլխավոր քարտուղարը տեղեկացնում է Կազմակերպության անդամներին ոչ ուշ, քան Գլխավոր ասամբլեայի քննարկմանը ներկայացնելուց երեք ամիս առաջ: Սույն Կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին բոլոր որոշումներն ընդունվում են Կազմակերպության անդամների ձայների 2/3 մեծամասնությամբ:
 
ՀՈԴՎԱԾ 43
Սույն Կանոնադրության ֆրանսերեն, անգլերեն եւ իսպաներեն լեզուներով տեքստերը հավասարազոր են:
ՀՈԴՎԱԾ 44
Սույն Կանոնադրության կիրառման կարգը ամրագրվում է Գլխավոր ասամբլեայի կողմից` ընդհանուր կանոններում եւ նրա հավելվածներում, որոնց դրույթներն ընդունվում են ձայների 2/3 մեծամասնությամբ:
 
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
ՀՈԴՎԱԾ 45
1-ին Հավելվածում թվարկված երկրները ներկայացնող բոլոր մարմինները  համարվում են Կազմակերպության Անդամներ, եթե նրանք սույն Կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվանից սկսած, վեց ամսվա ընթացքում, համապատասխան պետական մարմինների միջոցով չեն հայտարարում  սույն Կանոնադրությունը չընդունելու մասին:
 
ՀՈԴՎԱԾ 46
Առաջին ընտրություններում վիճակահանությամբ որոշվում է փոխնախագահը, որի մանդատը ուժի մեջ է մեկ տարվա ընթացքում:
Առաջին  ընտրություններում  վիճակահանությամբ   որոշվում են  Գործադիր    կոմիտեի      երկու   անդամները, որոնց մանդատները ուժի մեջ են 1 տարվա ընթացքում, ինչպես նաեւ երկու այլ անդամներ, որոնց մանդատները ուժի մեջ են 2 տարվա ընթացքում:
 
ՀՈԴՎԱԾ 47
Այն անձանց, ովքեր երկար տարիներ անբասիր կծառայեն   Քրեական ոստիկանության միջազգային հանձնաժողովի համակարգում, Գլխավոր ասամբլեան կարող է շնորհել պատվավոր կոչումներ` Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության համապատասխան մարմիններում:
 
ՀՈԴՎԱԾ 48
Քրեական ոստիկանության միջազգային հանձնաժողովին պատկանող ողջ ունեցվածքը փոխանցվում է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությանը:
 
ՀՈԴՎԱԾ 49
Սույն Կանոնադրությունում
- Կազմակերպություն ասելով  բոլոր դեպքերում պետք է հասկանալ Քրեական ոստիկանության  միջազգային կազմակերպությունը,
- Կանոնադրություն ասելով պետք է հասկանալ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության կանոնադրությունը,
-Գլխավոր Քարտուղար ասելով պետք է հասկանալ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության Գլխավոր քարտուղարին,
- Կոմիտե ասելով պետք է հասկանալ Կազմակերպության Գործադիր կոմիտեն,
- Ասամբլեա կամ Գլխավոր ասամբլեա ասելով պետք է հասկանալ Կազմակերպության Գլխավոր ասամբլեան,
- Կանոնադրության 4-րդ հոդվածի համաձայն անդամ կամ անդամներ ասելով պետք է հասկանալ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության անդամին կամ   անդամներին,
- Պատվիրակ կամ պատվիրակներ ասելով պետք է հասկանալ այն անձին կամ անձանց, որոնք մտնում են պատվիրակության կամ պատվիրակությունների կազմի մեջ, ինչպես նախատեսված է Կանոնադրության 7-րդ հոդվածում,
- Անդամ կամ անդամներ ասելով պետք է հասկանալ այն անձին կամ անձանց, որոնք ընտրվել են Գործադիր կոմիտե 19-րդ Հոդվածում շարադրված պայմաններին համապատասխան:
 
ՀՈԴՎԱԾ 50
Ներկա Կանոնադրությունը  ուժի մեջ է մտնում 1956 թվականի  հունիսի 13-ից:  
ԻՆՏԵՐՊՈԼ-ի հիմնական գործառույթներ
1. Ծառայություններ ոստիկանական համաշխարհային անվտանգ հեռա-հաղորդակցության բնագավառում
Աշխարհն ավելի ապահով դարձնելու նպատակով կապ ապահովել տարբեր երկրների ոստիկանությունների միջև,
- Հեռահաղորդակցության I-24/7 համակարգ
- MIND / FIND - ԻՆՏԵՐՊՈԼ-ի   տվյալների   պահոցների   մուտքի հնարավորություն ընձեռող համալիր լուծումներ
2. Ծառայությունների մատուցում ոստիկանությանը տվյալների և օպերատիվ տվյալների պահոցներից օգտվելու համար
Ոստիկանության աշխատակիցներին տվյալների և օպերատիվ տվյալների պահոցներ ուղղակի մուտքի տրամադրում
- ԻՆՏԵՐՊՈԼ-ի քարտեր և դիֆուժններ
- ԻՆՏԵՐՊՈԼ-ի գողացված կամ կորցրած ճամփորդական փաստաթղթերի տվյալների պահոցներ
- ԻՆՏԵՐՊՈԼ-ի հափշտակված մշակութային արժեքների պահոց
- ԻՆՏԵՐՊՈԼ-ի անվանական տվյալների պահոցներ
- Մատնադրոշմների տվյալների պահոց
- Գենետիկական տվյալների պահոց
3. Ծառայություններ ոստիկանությանը օպերատիվ աջակցության բնագավառում
ԻՆՏԵՐՊՈԼ-ի հանցավորության դեմ պայքարի առաջնային ոլորտներ են.
- Հասարակական անվտանգություն և ահաբեկչություն: Այդ նպատակով Fusion խմբի ծրագրերը
առանձին տարածաշրջաններում հետևյալներն են.
- Մարդկանց թրաֆիկինգ
- Կազմակերպված հանցավորություն և թմրամիջոցներ
- Ֆինանսական հանցավորությունը և կապը բարձր տեխնոլոգիաների հետ
- Աջակցություն հանցագործների հետախուզման ոլորտում
- Կոռուպցիա
4. Ոստիկանության ծառայողների ուսուցում և վերապատրաստում
- ԻՆՏԵՐՊՈԼ-ի վերապատրաստման կազմակերպում Գլխավոր քարտուղարությունում
- ԻՆՏԵՐՊՈԼ-ի ոստիկանների վերապատրաստման միջազգային ծրագիր      
 
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ և ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
 
Ինտերպոլի շրջանակներում ոստիկանական միջազգային համագործակցությունն ղեկավարվում է հետևյալ հիմնական սկզբունքներով`
-    Հարգանք ազգային ինքնիշխանության նկատմամբ
Համագործակցությունը հիմնված է Ինտերպոլի անդամ երկրների ոստիկանական ուժերի գործողությունների վրա` կապված իրենց երկրներում ազգային օրենքների հետ:
-    Հարգանք գործող քրեական օրենքների նկատմամբ
Կազմակերպության գործունեության շրջանակները սահմանափակվում են հանցագործությունների կանխարգելմամբ և քրեական օրենքի դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ օրենքի կիրառմամբ: Սա այն մակարդակն է, որտեղ պահանջվում է համաձայնություն բոլոր անդամ երկրների միջև:
-    Համընդհանրությունը
Յուրաքանչյուր անդամ երկիր կարող է համագործակցել մյուս երկրների հետ: Համագործակցությունը չպետք է խոչընդոտեն քաղաքական, աշխարհագրական կամ լեզվական գործոնները:
-    Հավասարություն բոլոր անդամ երկրների միջեւ
Կազմակերպության բոլոր անդամ երկրները ստանում են միևնույն ծառայությունները` անկախ իրենց անդամավճարների չափերից:
-    Համագործակցություն այլ մարմինների հետ
Համագործակցությունը կարող է տարածվել ԱԿԲ-ների և բոլոր անդամ երկրների պետական մարմինների միջև, որոնք մասնակցում են հանցավորության դեմ պայքարին:
-    Աշխատանքային մեթոդների ճկունություն
Չնայած, ղեկավարվելով կանոնավորութուն և անընդհատություն ապահովող սկզբունքներով, աշխատանքային մեթոդները բավականին ճկուն են` հաշվի առնելով տարբեր երկրների բազմապիսի կառույցների և տիրող իրավիճակների բազմազանությունը: